Рубрика: Հայրենագիտություն

Մարմաշենի վանք

Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և վերջինիս հետ միաժամանակ է կառուցվել։Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։ Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

Մարմաշենի Վանք | Մարմաշենի Վանական Համալիր | Հատիս Տուր 1981

Photos at Marmashen Monastery | Մարմաշենի վանք - Marmashen, Shiraki Marz